Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» վարկային ծրագիրը
14/03/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Աննա Կարապետյանն ընդունել են 2025թ. մարտի 11-14-ը Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ քննարկելով Հանրային ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստով հաստատված՝ «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային ծրագիրն ու դրա առաջնահերթ ուղղությունները:
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդգծել է ծրագրի կարևորությունը նախարարության համար՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից առանցքային միջոցառումներ են ներառված ծրագրում:
Վարկային ծրագրի բաղադրիչներով նախատեսվում է․
-
Դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում և դատարանի տիպային մոդելի մշակում՝ ըստ մասնագիտացումների և ատյանների,
-
ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում,
-
Դատարանների շենքերի բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում,
-
Դատական թվային ենթակառուցվածքների համար անխափան և անվտանգ միջավայրի ստանդարտների մշակում և կիրառում,
-
Ընտրված դատարանների շենքերի կառուցում,
-
Դատարանների շենքերի պահպանման ռազմավարության մշակում և այլն: