Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025թ. ապրիլի 8-9-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն) մասնակցել է «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» թեմայով Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին: Վերջինիս մասնակցել են շուրջ 300 պատվիրակներ, մասնավորապես՝ տարբեր երկրների կառավարությունների, գիտական, քաղաքացիական հասարակության, մասնավոր ոլորտի և միջազգային զարգացման կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով հանդես է եկել «Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ» պանելային քննարկմանը։ Իր խոսքում նախարարը շեշտել է, որ իրական շահառուների բացահայտումը կարևոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում՝ կանխելու փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, հարկերից խուսափումը և այլ հանցավոր գործողություններ։ Այս համատեքստում, Հայաստանը, հռչակելով կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, իրականացնում է հետևողական և ռազմավարական քայլեր։
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը։
ՀՀ-ում իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման ինստիտուտը ներդրվել է 2008 թվականին «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով՝ համաձայն Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի հանձնարարականների պահանջների։
Օրենսդրության մեջ համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը տարածվեց Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց վրա՝ փուլային եղանակով:
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար օրենքով նախատեսված պարտականությունները ծագեցին 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։ 1-ին փուլում չներառված իրավաբանական անձանց համար օրենքով նախատեսված պարտականությունները ծագեցին 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ՝ ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար, որոնց համար Օրենքով նախատեսված պարտականությունները ծագեցին 2023 թվականի հունվարի 1-ից:
Գործընթացի մատչելիությունը և օգտագործման հարմարավետությունն ապահովվում են էլեկտրոնային գործիքների օգտագործմամբ։
Նախարարը հայտնել է նաև այն, որ Հայաստանը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը և այդ ժամանակից մինչ օրս իրականացրել է մի շարք ազգային գործողությունների ծրագրեր:
2021թ․-ին ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստում Հայաստանն ԱՃԹՆ ստանդարտ 2.5-ի, այսինքն՝ իրական շահառուների բացահայտման պահանջի առաջին վավերացման արդյունքների հիման վրա ստացել է «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։ Ավելին, 2021 թվականին կայացած ԱՃԹՆ Խորհրդի 50-րդ նիստին նաև որոշվել է, որ իրական շահառուների հետ կապված պահանջի վավերացման փուլում գտնվող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան ստացել են նախնական ուղենիշերի իրականացման մեջ «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։
Սրբուհի Գալյանը, ամփոփելով իր ելույթը, ներկայացրել է մի հատված Հայաստանի վերաբերյալ 2024 թվականին հրապարակված ԱՃԹՆ հոդվածից. «Իրական շահառուների թափանցիկության հարցում Հայաստանի գրանցած հաջողությունը բարձր նշաձող է սահմանել ԱՃԹ նախաձեռնությունն իրականացնող երկրների համար»։ Հայաստանի կառավարությունը շարունակում է հաստատակամ լինել իրական շահառուների հետ կապված լիակատար թափանցիկություն ապահովելուն իր նվիրվածության հարցում՝ ամրապնդելով կառավարման ոլորտում նորարարության իրականացման առաջատարի դերը: