Արդարադատության նախարարության կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին՝ հեռավար եղանակով, անցկացվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների վերապատրաստում: Վերապատրաստումն ուղղված էր հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների կարողությունների զարգացմանը, վերջիններիս գործունեության ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը: Վերապատրաստման շրջանակներում արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև կարևորել է նմանատիպ միջոցառումների պարբերական իրականացումը և հետագա համագործակցության խորացումը: Վերապատրաստման ընթացքում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին ներկայացվել են հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերը, ինչպես նաև վերջիններիս հետ քննարկվել են դրա բարելավման ուղղությամբ առկա նախագծային լուծումները: Քննարկվել են նաև հակակոռուպցիոն ոլորտում առկա միջազգային պարտավորությունների շրջանակներում լրացվող հարցաշարերի, միջազգային գնահատման զեկույցների նախագծերի վերանայման մեթոդաբանական առանձնահատկությունները: