Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, որպես պատվիրակության անդամ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկմանը

02/05/2025

Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մայիսի 1-ին ելույթով է հանդես եկել Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: Զեկույցն անդրադառնում է վերջին չորսուկես տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող բարեփոխումներին ու մարտահրավերներին:
Իր ելույթում Աննա Կարապետյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող մանրամասն տեղեկատվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման ընթացքի առնչությամբ:Մասնավորապես՝ նախարարի տեղակալն անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցած առաջընթացին, ներկայացրել է իրավահավասարության ապահովման, խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարում ներդրված և ներդրվող օրենսդրական և պրակտիկ կառուցակարգերը, այդ թվում՝ լայնածավալ հանրության իրազեկման աշխատանքները և իրավապահ համակարգի, դատավորների, ինչպես նաև ոլորտային մասնագետների վերապատրաստումները: Նախարարի տեղակալն ընդգծել է խտրականությունից պաշտպանության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում մշակվող նոր ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և դրանով նախատեսված գործողությունների կարևորությունը:
Աննա Կարապետյանն անդրադարձել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին, ոլորտային ռազմավարական փաստաթղթերի իրականացման արդյունքում վերջերս գրանցած առաջընթացին, այդ թվում՝ էլեկտրոնային արդարադատությանը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, հակակոռուպցիոն եռաստիճան դատական համակարգին, հանրային ծառայողների բարեվարքության կառուցակարգերին և ազդարարման համակարգին:Քրեական ոլորտի բարեփոխումների և նոր ոլորտային օրենսգրքերի ընդունման համատեքստում Աննա Կարապետյանը խոսել է իրավաբանական անձանց պատասխանատվության, ատելության խոսքի, ատելության հիմքով սեռական ազատության և սեռական ոտնձգության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև խոշտանգումների արգելքի ոլորտում արձանագրված օրենսդրական բարեփոխումներից:Աննա Կարապետյանն իր ելույթի վերջում շեշտադրել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու ոլորտային բարեփոխումների իրականացումը և ապահովելու ռազմավարական փաստաթղթերի իրականացումը՝ ստեղծելով հավասարության և իրավունքի գերակայության վրա հիմնված հասարակություն: