Ռուբեն Մելիքյան. Արարատ Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ԵԴ վճիռը վերանայելու խնդրանքով դիմելու հիմք այս պահին չեմ տեսնում:

07/06/2012

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի: «Փաստինֆո» գործակալությունը խնդրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին մեկնաբանել վճիռը, բողոքաբերի փաստարկներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հակափաստարկները:

«Փասինֆո». Պրն. փոխնախարար, խնդրում եմ ներկայացնել բողոքի հիմնական հանգրվանները, ինչ դիրքորոշում է հայտնել կառավարությունը բողոքում բերվող փաստարկներին, ինչպիսի արտացոլում են գտել կողմերի փաստարկները դատարանի վճռում:

Ռուբեն Մելիքյան. Նշված գործը 2006թ. է ուղարկվել Եվրոպական դատարան, ներպետական դատարաններում 2004-2005թթ. է քննվել, եւ այս գործը կարելի է դասակարգել այն գործերի շարքին, որոնցով մեր պետության վերաբերյալ տարածված վճռի հիմնական պատճառը օրենսդրական թերություններն են: Ընդ որում, այն թերությունները, որոնք այսօր իսկ եթե ոչ ամբողջությամբ, ապա ճնշող մեծամասնությամբ վերացված են, իսկ մնացած մասով մենք պատրաստում ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, եւ մյուս բոլոր օրենսդրական բնույթի խնդիրները կկարգավորեն նոր Քրեական դատավարության օրենսգրքում:

Ի՞նչ կոնկրետ պատճառներով է այդ վճիռը կայացվել: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը վերաբերում է անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքին, սակայն իրավունքն ունի որոշ բաղադրիչներ: Այստեղ կոնկրետ Եվրոպական դատարանը անդրդարձել է երեք բաղադրիչների, մասնավորապես, 5-րդ հոդվածի առաջին, երրորդ եւ չորրորդ կետերին:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը հանգամանալից քննարկել է այն հարցը, թե արդյոք մեր ներպետական օրենսդրությամբ նախատեսված գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի պարագայում ինչպես պետք է լուծվի անձի նախնական կալանքի հարցը: Ինչո՞ւմն է հարցը՝ մենք նախկինում ունեինք գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտ: Այդ ինստիտուտի էությունն այն էր, որ եթե դատարանը չէր կարողանում դատարան մուտք եղած գործով կայացնել վերջնական դատական ակտը, այսինքն՝ պարզվում էր, որ ապացույցները բավարար չեն եւ անհրաժեշտ է, որպեսզի կատարվի մինչդատական վարույթ, որ նախաքննությունը պետք է լրացնել, ապա իրավունք ուներ ցանկացած փուլում գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Սա տիպիկ խորհրդային ինստիտուտ է, որի էությունը սկզբունքորեն հակասում է ժամանակակից իրավունքի հիմունքներին: Ինչո՞ւ է հակասում, որովհետեւ այս ինստիտուտի դեպքում մենք որպես կանխավարկած ընդունում ենք, որ դատարանը կարող է եւ ունենալ նաեւ այնպիսի դեպք, երբ ինքը պատասխան չունի: Սակայն այն կանխավարկածների համակարգը, որ այսօրվա իրավունքը տրամադրում է անձին՝ որպես երաշխիք, այդպսիսի հնարավորություն պետք է որ չտա, այսինքն՝ եթե գործը մտել է դատարան, ապա դատարանից կարող է դուրս գալ կամ մեղադրական, կամ արդարացման դատավճռով:

Մեր օրենսդրությունը չէր պարունակում շատ հստակ կանոններ, եւ դա արձանագրված է Եվրոպական դատարանի որոշմամբ, թե ինչպես պետք է հաշվվի գործը լրացուցիչ դատաքննության ուղարկելուց հետո մինչդատական կալանքի ժամկետը: Մենք հիմնական երկու տարբեեր ռեժիմներ ունեինք. առաջին ռեժիմը մինչդատական վարույթի կալանքն էր, որտեղ երկու ամիս ժամկետով յուրաքանչյուր անգամ կարող էր առավելագույնը երկարացվել եւ դատական քննության ռեժիմը, երբ մեկ անգամ կայացվում էր որոշում անձին կալանավորելու վերաբերյալ, եւ այդ որոշումը գործում էր ամբողջ դատական քննության համար: Պատկերացրեք՝ դատական քննության ռեժիմից անցում է կատարվում դեպի մինչդատական քննության ռեժիմ, երբ նորից պետք է երկու ամիս պարբերականությամբ որոշումներ կայացնեն, այ այստեղ մենք չունենք հստակ կանոններ, եւ Եվրոպական դատարանը դա հստակ ամրագրել է եւ սահմանել է, որ կառավարության փաստարկները, որ փորձում էր մեկնաբանել ներպետական օրենսդրությունը, անկախ ամեն ինչից, չուներ այնպիսի հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ, որ մենք կարողանանք ասել, որ դրանք համապատասխանում են որակյալ օրենքի չափանիշներին, այսինքն՝ կանխատեսելի են դարձնում անձի համար: Սա 5-րդ հոդվածի առաջին մասն է, եւ Եվրոպական դատարանը գտել էր, որ հենց միայն այն փաստը, որ մենք այստեղ չունենք հստակ կանոններ, բավարար հիմք են, որպեսզի մենք արձանագրենք անձի ազատության իրավունքի խախտում այն մասով. որ հստակ չէր, թե որքանով էր իրավաչափ անձի նախնական կալանքը գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելուց հետո:

Մենք այլեւս չունենք գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտ 2007թ.-ից սկսած, արդեն 5-րդ տարին է, եւ բնականաբար, նմանաբնույթ խնդիրներ մենք այլեւս ունենալ չենք կարող, եւ այստեղ զուտ օրենսդրական խնդիր էր, որը մեր կառավարությունը փորձել էր ներկայացնել որպես մեր օրենսդրությամբ կարգավորված. բայց Եվրոպական դատարանը օրենքի որակից ելնելով՝ եկել էր այն եզրահանգման, որ կառավարության դիրքորոշումն այնքան էլ համոզիչ չէ:

Հիմա , երբ գործը մտնում է դատարանի վարույթ, ապա դատարանի վարույթից պետք է դուրս գա կամ մեղադրական, կամ արդարացման դատավճռով կամ կարճման որոշմամբ, որն էլի տարբերակ է եւ կոնկրետ հիմքերով է պայմանավորված: Գործը լրացուցիչ դատաքննության ուղարկելու տարբերակ մենք չունենք, մենք այլեւս վերադարձ չունենք մինչդատական վարույթ, մինչդատական վարույթը ավարտվում է վերջնականապես: Միակ բանը, որ հնարավոր է մեր այսօրվա օրենսդրությամբ կատարել, դա այն է, որ եթե գործի քննության ընթացքում, ապացույցներ հետազոտելիս, պարզվում է, որ նոր հանգամանք է ի հայտ եկել, դատախազը կարող է գործը թողնելով դատարանի վարույթում, սա է կարեւորը, կատարել որոշակի մինչդատական վարույթին բնորոշ փոփոխություններ, փոխել մեղադրանքը, բայց այս դեպքում գործը չի դուրս գալիս դատարանի վարույթից, վերադառնում մինչդատական վարույթ, սա սկզբունքորեն այլ ինստիտուտ է: Այս փոփոխություններն, ուզում եմ հատուկ ընդգծել, կատարվել են Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում՝ 2007թ., երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը, այսինքն՝ մեր իրավական համակարգն արդեն այդ խնդրին լուծում տվել է: Իհարկե, Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով որոշման մեջ Եվրոպական դատարանը չի անդրադառնում գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու իրավաչափությանը, որովհետեւ դա դուրս է բողոքոբերի փաստարկների շրջանակից, եւ պատճառներից մեկը գուցե այն է, որ արդեն այդ ինստիտուտը գոյություն չունի: Բայց դատարանը փաստի հետ գործ ունի, եւ ստիպված է արձագանքել այն փաստին, թե ինչպես պետք է հաշարկվի կալանքի ժամկետը գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու պարագայում:

Երկորրդ իրավական խնդիրը վերաբերում է մինչդատական վարույթի տեւողությանը, մասնավորապես, այդյո՞ք գործի քննության տեւողության երկար լինելը իրավաչափ է: Եվրոպական դատարանը բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործն ուղարկված է եղել լրացուցիչ նախաքննության, եկել է այն հետեւության, որ այդ տեւողությունը չափազանց երկար է եւ իրավաչափ համարվել չի կարող: Խնդիրն այն է, որ Եվրոպական դատարանն այս հարցում ունի շատ հստակ չափանիշներ, հաշվի առնելով գործի բարդությունը, ընդ որում, այդ գործը բարդ էր, եւ դատարանը հատուկ ընդգծում է, որ հաշվի է առնում գործի բարդությունը: Բայց միեւնույն ժամանակ հաշվի է առնում պետության պատշաճ առաքելությունը նման գործ քննելու հարցում: Եւ այստեղ Եվրոպական դատարանը հանդես է եկել այն գնահատականով, որ պետությունը պատշաճ առաքելություն չի իրականացրել:

Բնականաբար, կառավարության դիրքորոշումը այս հարցում այն է եղել, որ պետք է հաշվի առնել գործի բարդությունը, պետք է հաշվի առնել քննչական գործողությունների ծավալը, եւ դատարանը իրոք դա հաշվի է առել, բայց իրականացնելով բոլոր հնարավոր արժեքների հավասարակշռում, եկել է այն հետեւության, որ ամեն դեպքում պետությունն այստեղ իրավաչափ չի գործել, գործի քննության տեւողությունը՝ 2 տարուց ավելի, չի կարող արդարացված համարվել:

Երրորդ հարցը, որի որոշակի փաստարկներին Եվրոպական դատարանը անդրադառնում է, բողոքարկման հնարավորությունն է: Ահա այստեղ Եվրոպական դատարանը համաձայնում է կառավարության դիրքորոշման հետ եւ գալիս է այն հետեւության, որ իրոք այն ժամանակվա օրենսդրությունը հնարավորություն չէր նախատեսում կամ իրավունք չէր վերապահում անձին բողոքարկելու իր կալանքի հարցը Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան բողոքարկման մասով է, որ կողմը փաստարկ է բերել, եւ կողմը պնդում էր, որ իրեն զրկել են կալանքի որոշումը բողոքարկելու հնարավորությունից: Բայց մենք ունենք վերաքննիչ դատարանում բողոքարկելու հնարավորություն, եւ այդ հնարավորությունից կողմը օգտվել է, եւ Եվրոպական դատարանը, ինչպես մի շարք այլ որոշումներում, այնպես էլ այստեղ, ընդգծում է, որ ամենեւին էլ անհրաժեշտ չէ երկու ատյան բողոքարկման հնարավորություն տալ, հատկապես կալանքի վերաբերյալ որոշումներով: Մեկ հնարավորությունը բավարար է համարվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները բավարարելու համար, որտեղ խոսքը գնում է կալանավորման բողոքարկման մասին: Այստեղ ըստ էության Եվրոպական դատարանը համաձայնել է կառավարության դիրքորոշման հետ եւ 4-րդ կետի խախտում չի արձանագրել: Ըստ էության երեք հարցերից 2-ով համաձայնել է բողոքաբերի հետ, եւ մեկ հարցով համաձայնել է կառավարության հետ:

Եվրոպական դատարանը վճռել է, որ 6000 եվրո Հայաստանը պետք է վճարի քաղաքացուն ոչ նյութական վնասի համար, 227 եվրո՝ ծախսերի համար:

«Փասինֆո». Վճիռը ուժի մեջ կմտնի երեք ամիս ա՞նց:

Ռուբեն Մելիքյան. Եվրոպական կոնվենցիայի սահմանած ընցակարգով պետությունը, ինչպես նաեւ մյուս կողմը հնարավորություն ունեն 3 ամսվա ընթացքում դիմել Եվրոպական դատարանի մեր պալատին, խնդրելով, որպեսզի Պալատը վերանայի տվյալ գործը, եւ եթե այդպիսի գործողություն չի կատարվում, ապա 3 ամիս անց վճիռը ուժի մեջ է մտնում:

«Փասինֆո». Կառավարությունը վճռի վերանայման համար պատրաստվո՞ւմ է դիմել:

Ռուբեն Մելիքյան. Ցանկացած վճռի դեպքում եւ այս վճռի դեպքում նույնպես պետությունը ուսումնասիրում է վճիռը եւ եթե գտնի, որ հնարավոր է, որ սխալ է տեղի ունեցել, Եվրոպական դատարանի դիրքորոշումներն որոշակի թերություններ ունեն կամ որեւէ բան հաշվի չի առնվել, մենք կարող ենք դիմել: Ես չեմ ուզում հիմա հայտարարել, որ մենք չենք պատրաստվում դիմել, թեեւ այս պահին ես որեւէ հիմք չեմ տեսնում:

Կառավարությունը չի բողոքարկել մինչ այդ ավելի քան 30 վճիռները եւ ոչ մեկը, բայց մեր քաղաքացիներից մեկի կողմից մեկ անգամ այդպիսի դեպք տեղի ունեցել է , եւ Եվրոպական դատարանը փոխել է իր դիրքորոշումը: