Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի խորհրդի նիստին
15/05/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի խորհրդի նիստին։
Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Ծրագրին մարդու իրավունքների պաշտպանության ու սահմանադրական ոլորտի բարեփոխումների և անվճար իրավաբանական օգնության տրամադրման ոլորտներում Արդարադատության նախարարության աշխատանքներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։
Աննա Կարապետյանն ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակման, իրազեկման աշխատանքների կազմակերպման, իրավասու աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ Ծրագրի ցուցաբերած աջակցությունը։
Կարևորվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի և Անչափահասների արդարադատության խորհրդի դերը ոլորտային բարեփոխումների համատեքստում, որոնց աշխատանքներում Ծրագիրը ևս իր շարունակական ներդրումն ունի։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքին՝ շեշտելով, որ Արդարադատության նախարարության կողմից նոր սահմանադրության տեքստի մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և Ծրագրի աջակցությամբ կապահովվի նաև համապատասխան փորձագիտական աջակցությունն ու հանրային քննարկումների կազմակերպումը։
Աննա Կարապետյանը նաև խոսել է Ծրագրի աջակցությամբ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ ռազմավարության մշակման, լայնածավալ իրազեկման արշավի իրականացման ու օրենսդրական լավարկումների մասին։
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ներկայացվել են Ծրագրի վերջին տարվա ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչին հաջորդել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումը։