Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու հիմնական հայեցակարգային ուղղությունները՝ կարևորելով Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունն ու նշանակությունը:
Նախագծերի փաթեթը մշակվել է Ասիական զարգացման բանկի միջազգային և ազգային փորձագետների գործուն ներգրավվածությամբ և օժանդակությամբ՝ անդրադառնալով այնպիսի կարևոր ինստիտուտների և նորամուծությունների, ինչպիսիք են.
- սնանկության մոդելը,
- պարտատերերի և պարտապանի շահերի հավասարակշռումը,
- դատավարական ընթացակարգերը,
- ֆիզիկական անձանց սնանկությունը,
- կառավարիչների վերաբերյալ կարգավորումները,
- նոր ինստիտուտների ներդրման հնարավորությունը և այլն:
Քննարկմանը մասնակցել են նաև ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը, Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական Նիկոլաս Մոլլերը, ինչպես նաև նախագծերի մշակմանը մասնակցած փորձագետներ, դատական համակարգից, հանրային և մասնավոր հատվածի տարբեր շահագրգիռ մարմիններից և կազմակերպություններից այլ ներկայացուցիչներ։ Մասնակիցների հետ ծավալված քննարկումների արդյունքում վեր են հանվել էական առաջարկություններ, որոնց հիման վրա առաջարկվող կարգավորումները կենթարկվեն լրամշակման: