ՀԿԱԾ էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և կապահովվի դրա պատշաճ ներդրումը

29/05/2025

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական նպատակն է երկարաձգել 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ՀԿԱԾ էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել դրա պատշաճ ներդրումը:
Ներկայացնելով փաթեթը նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան սպասարկման ծառայություն մատուցող ընկերության հետ կնքել պայմանագիր, ՀԿԱԾ-ում գործող համակարգում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։ Ընդ որում, կատարողական վարույթի շրջանակներում նախատեսվում է էլեկտրոնային եղանակով հարցումների իրականացում տարբեր մարմիններ, կառույցներ և ընկերություններ, ինչպես նաև ամբողջությամբ վերափոխել պետական բյուջե վճարման ենթակա կատարողական ծախսի հաշվարկման մեխանիզմը, ինչը ևս պահանջում է մեծածավալ աշխատանք:
Ելնելով վերոգրյալից՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել և սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման և համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը։