Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

13/06/2025

Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան:
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր ծախսերը և գաղտնիությունը:
Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:
Հաշտարարությունը պարտադիր է հետևյալ գործերով՝
  • Ամուսնալուծություն
  • Երեխայի բնակության վայրի որոշում
  • Ալիմենտի բռնագանձում
  • Ընդհանուր գույքի բաժանում
  • Երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր
  • Երեխայի տեսակցության կարգի սահմանում
  • Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում
Առավելությունները՝
  • Վեճի արագ և պակաս ծախսատար լուծում
  • Բոլոր կողմերին ընդունելի արդյունք
  • Ողջ գործընթացի գաղտնիություն
  • Հաշտարարին ընտրելու ազատություն
Իմացե՛ք ավելին` e-mediation.am