Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։
Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման հնարավորությունը՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ։
2021 թվականից սկսած՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության զարգացմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակում ծառայությունում ներդրվել է ՊԿՏՀ համակարգը, որի շնորհիվ իրականացվել է անցում թղթային ընթացակարգերից թվայնացված գործառույթների։ Այս բարեփոխումները բարձրացրել են ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու թափանցիկությունը:
Քննարկված զեկույցը մշակվել է Պրոբացիայի ծառայության ՏՏ ենթակառուցվածքի գնահատման, առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերլուծության, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման նախագծերի առաջարկման նպատակով։
Զեկույցում ներառված են առաջարկություններ «E-Probation» էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ՝ ներառյալ գրանցման տերմինալների և այլ թվային լուծումների ներդրումը։
ՏՏ կարողությունների զարգացման նոր փուլը նպատակ ունի ամրապնդել ինչպես ծառայության իրավական, այնպես էլ գործառնական շրջանակները՝ համահունչ եվրոպական չափանիշներին։ Թվային բարեփոխումների շարունակական զարգացումն ուղղված է պրոբացիայի ծառայությունների մատչելիության բարձրացմանը, համայնքային անվտանգության ապահովմանը և արդարադատության արդյունավետ իրականացմանը։