Բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում Աննա Կարապետյանը բանախոսել է պանելային քննարկմանը

17/06/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։
Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը, ինչպես նաև միջազգային ներդրումների համատեքստում պետությունների դերն ու առաջացող հիմնահարցերը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության և պատասխանատու բիզնեսի խթանման ուղղությամբ ՀՀ ռազմավարական մոտեցումները՝ մասնավորապես անդրադառնալով հակակոռուպցիոն, դատաիրավական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ռազմավարական փաստաթղթերում գործարարության ոլորտում մարդու իրավունքների խթանմանն ուղղված ու հարակից միջոցառումներին։
Անդրադառնալով պատասխանատու ներդրումների խթանմանը միտված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ փոխնախարարը նշել է, որ արդար մրցակցային միջավայրի ձևավորումը պետք է ուղեկցվի մարդու իրավունքների նկատմամբ հստակ հանձնառությամբ, իսկ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման համակարգված ներառումը պետք է դառնա պետության բոլոր քաղաքականությունների անբաժան բաղադրիչ։

Քննարկումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքներ և շրջակա միջավայրի համար պատասխանատու բիզնես պրակտիկա» ծրագրի շրջանակում։