Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը
25/06/2025
Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարձրացնել թափանցիկության մակարդակը և ապահովել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը Կոնվենցիայի կիրարկման վերանայման երկրորդ փուլի ընթացքում։ Միաժամանակ, Հայաստանը պարտավորվում է հրապարակել և պարբերաբար թարմացնել վերանայման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։ Մանրամասներն՝ այստեղ. https://uncaccoalition.org/armenia-signs-the-uncac-review-transparency-pledge/