Աննա Կարապետյանը բանախոսել է խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը

27/06/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կազմակերպված, խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում բանախոսել է «Խոշտանգման զոհերի աջակցման առկա մեխանիզմները» թեմայով պանելային քննարկմանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է Արդարադատության նախարարության ջանքերով վերջին տարիներին խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Նա կարևորել է 2021 թվականից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական զննության իրականացման՝ միջազգային ստանդարտներին համահունչ կառուցակարգերի ներդնումը, ինչպես նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեակատարողական օրենսգրքում առկա կարգավորումները՝ նվիրված խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրմանը, դրա շրջանակներում բուժաշխատողների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականություններին, ինչպես նաև դրա հետ կապված գործընթացների ժամկետներին: Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև քաղաքացիական օրենսգրքում առկա կարգավորումներին, այդ թվում՝ «խոշտանգումից տուժած անձ»-ի հասկացությանը, նյութական, ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունքին: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կատարված ուսումնասիրությունների հիման վրա Արդարադատության նախարարությունը նախատեսում է բարելավել խոշտանգման զոհերի աջակցության կառուցակարգերը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, դրանց շրջանակներում իրականացված կարողությունների զարգացմանը, հանրային իրազեկմանն ու խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև խոշտանգումների զոհերին աջակցության գործուն կառուցակարգերի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին ու ուսումնասիրություններին՝ նշելով, որ մինչև տարեվերջ արդեն հասանելի աջակցության ձևաչափերը հստակեցված կլինեն: Ամփոփելով խոսքը՝ Աննա Կարապետյանը վերահաստատել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է իրականացնել օրենսդրական և գործնական բարեփոխումներ՝ մարդու անքակտելի արժանապատվության պաշտպանության և հաշվետվողականության ամրապնդման համար: