Մեկնարկել է «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագիրը

14/07/2025

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագիրը:
Ծրագրի բացման միջոցառմանը նախարարի խորհրդական Լյովա Սարգսյանը ողջունել է ուսանողներին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ նախաձեռնությունը լավ հնարավորություն է ուսանողների համար ոչ միայն խորացնելու իրենց ակադեմիական գիտելիքներն, այլև պատկերացում կազմելու նախարարության աշխատանքների մասին։
Ըստ Լյովա Սարգսյանի՝ ծրագիրը նպաստելու է ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը՝ օգնելով ընտրել իրավունքի այն ճյուղը, որով ցանկանում են շարունակել իրենց կրթությունն ու մասնագիտական գործունեությունը։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կծանոթանան Արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, ինչպես նաև նախարարության ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը։
«Իրավունքի ամառային դպրոց 2025»-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և մասնակցության հայտ է ներկայացրել 190 ուսանող շուրջ 14 բուհերից , սակայն հարցազրույցի փուլը հաղթահարել է 30-ը: