Աննա Կարապետյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները մարդու իրավունքների, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում
30/07/2025
Ադարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ։
Ողջունելով հյուրերին՝ Աննա Կարապետյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն Արդարադատության նախարարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ խնդիրները հասցեագրվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի շրջանակում։ Նա ներկայացրել է նաև նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները մարդու իրավունքների, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։
Աննա Կարապետյանն ընդգծել է, որ անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության և խթանման հարցում առանցքային է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույցների՝ հատկապես քրեակատարողական հիմնարկների, պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգային ու նպատակային գործունեությունը, որն ուղղված է անչափահաս շահառուների կարիքներին համարժեք և արժանապատիվ աջակցություն ապահովելուն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետությանն ուղղված հանձնարարականներին և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունը, նիստերի ընթացքում քննարկվող առանցքային թեմաները և երեխաների ներգրավման ու նրանց ձայնը լսելի դարձնելու նշանակությունը՝ որպես մասնակցային արդարադատության առանցքային սկզբունք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Բոգոտայի համաժողովի ընթացքում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումն ու դրանց իրագործման ընթացքը։
Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կատարված աշխատանքների համապարփակ ներկայացման համար։
Նշենք նաև, որ նախարարի տեղակալն և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեն այցելել են Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտապնության կենտրոն» հիմնադրամ, որտեղ ծանոթացել են հիմնադրամի պայմաններին, քննարկվել են «Բարնահուս» մոդելների կիրառման և ընդլայնման հնարավորությունները, քննչական գործողություններում որակավորված հոգեբանների ներգրավման պրակտիկան, ինչպես նաև երեխաների շահերին համարժեք իրավական կառուցակարգերի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։