Արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգմամբ իրականացվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման և արդիականացման հարցերին նվիրված փորձագիտական քննարկում։
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքում կարևորել է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նման քննարկումների իրականացումը, մտքերի փոխանակումը։ Նախարարի տեղակալը նշել է, որ նախորդող ամիսներին Արդարադատության նախարարության օրակարգում է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնելու հարցը՝ պայմանավորված հատկապես Սահմանադրական դատարանի որոշման ընդունմամբ։ Գևորգ Քոչարյանը նաև հավելել է, որ Արդարադատության նախարարությունը չի շտապել այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու հարցում, քանի որ թեման շատ զգայուն է, և առավել արդյունավետ կլինի նախագծի մշակումն իրականացնել նմանատիպ քննարկումների միջոցով կարծիքների հավաքագրումից հետո։
Ներկաներին ողջունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը։ Նա կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի բարելավման շարունակական գործընթացը՝ ընդգծելով, որ այն կոռուպցիայի դեմ պայքարի հիմնաքարային գործիքներից մեկն է։ Իր խոսքում Կարեն Զադոյանն անդրադարձել է ՍԴՈ-1776 որոշումից հետո «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընթացակարգերի կիրառման համար վաղեմության ժամկետների սահմանման հարցին․ «Օրենսդիրը պարտավոր է համաչափ և կանխատեսելի կարգավորումներով որոշակիացնել ժամանակային երկու ռեժիմների՝ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և հետո ձեռք բերված գույքի համար վաղեմության ժամկետները։ Բացի այդ, քրեական գործով քաղաքացիական հայցի և բռնագանձման հայցի առարկայի նույնության դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի տուժողների իրավունքների վերականգնմանը, ապա միայն՝ պետության հօգուտ բռնագանձմանը: Սա թույլ կտա հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը և կբացառի կրկնակի բռնագանձման հնարավորությունը:»։
ԱՆ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գեղեցիկ Բալյանը նշել է, որ ՍԴ որոշումը կարևոր նշանակություն ունեցավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտի համար՝ հատկապես այն տեսանկյունից, որ ՍԴ-ն քննության է առել ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը՝ այդպիսով անդրադառնալով օրենքի բազմաթիվ դրույթների։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ինստիտուտի լավարկման վերաբերյալ համակարգային հարցեր, այդ թվում՝ վաղեմության ժամկետների սահմանման հարցը, հանցանքի և գույքի ձեռքբերման միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև քրեական վարույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հարաբերակցությանն առնչվող հարցեր։
Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և պալատի փաստաբաններ, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Հռիփսիմե Ասատրյանը և վարչության դատախազներ, Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ, փորձագետներ: