Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն Ազգային ժողովին է ներկայացրել նախագծեր, որոնք քննարկվել են առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝
«Հաշտարարության մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը,
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին նախագիծն ուղղված է հաշտարարության ինստիտուտի շարունակական լավարկմանն ու արդյունավետության բարձրացմանը: Փաթեթով նախատեսվում է, որ՝
• առցանց հաշտարարության ընթացակարգի կիրառման դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել նաև էլեկտրոնային եղանակով,
• հաշտարարի թեկնածու նշանակելու համար վեճի կողմերը կարող են Արդարադատության նախարարությանը առաջարկել նշանակել նաև հաշտարարական հաստատություն,
• գործով կարող է իրականացվել համահաշտարարություն՝ մեկից ավելի հաշտարարի մասնակցությամբ՝ վեճն ավելի արդյունավետ լուծելու համար,
• եթե դատական վարույթում վեճի լուծումը հաշտարարությամբ իրականացնելու մասին որոշում է կայացվում, ապա արտոնագրված հաշտարարի կողմից հաստատված համաձայնությունը կարող է շեղվել դատարան ներկայացված հայցի առարկայի և հիմքի շրջանակից,
• արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանում կարող է հաստատվել կնքումից հետո մինչև մեկ տարվա ընթացքում՝ ներկայիս վեց ամսվա փոխարեն,
• հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճռով դրա տեքստը չի հրապարակվում, որպեսզի ապահովվի հաշտարարության գործընթացի գաղտնիությունը,
• օտարերկրյա անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության արտոնագրված հաշտարարի կողմից իրականացված հաշտարարության արդյունքում համաձայնությունը հնարավոր կլինի հաստատել հայաստանյան դատարաններում:
Երկրորդ նախագծով առաջարկվում է օրենքով կարգավորել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես առաջարկվում է՝
• օրենքի մակարդակում ամրագրել, որ սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով գործում է ՍԷԿՏ համակարգը,
• նախատեսել, թե համակարգում ինչ տվյալների համախումբ պետք է ներառվի և արտացոլվի,
• սահմանել համակարգին հասանելիություն ունենալու և տվյալներ մուտքագրելու ընդհանուր պայմանները,
• օրենքով ամրագրել, որ մարմիններին հասանելիություն կարող է տրվել օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակներում և այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծավալով,
• հստակեցնել, թե Կառավարության որոշմամբ ինչ հարցեր են կարգավորվելու:
Երրորդ փաթեթով առաջարկվում է վերանայել Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրման կարգավորումը, քանի որ ունկնդիրները իրավունք ունեն կրթվելուն զուգահեռ նաև աշխատել: Արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 45 միլիոն ՀՀ դրամի տնտեսում: