«Իրավունք, արդարություն և արդարադատություն» հասկացություններն անչափահասների աչքերով հայտարարված տեսահոլովակների մրցույթում հաղթել է 6 աշխատանք

10/09/2025

Արդարադատության նախարարը պատվոգրեր է հանձնել նախարարության կողմից հունիսի 1-ին հայտարարված` «Իրավունք, արդարություն և արդարադատություն» հասկացություններն անչափահասների աչքերով հայտարարված տեսահոլովակների մրցույթի մասնակիցներին: Ողջունելով աշակերտներին և ուսուցչական կազմին՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ այս ձևաչափը հիանալի հնարավորություն էր պատկերացում կազմելու աշակերտների գիտելիքների մասին արդարադատության ոլորտում։ Նախարարն ուրախությամբ հայտնել է ակտիվ մասնակցության և հետաքրքիր տեսաուղերձների մասին։ Սրբուհի Գալյանը հաջողություն է մաղթել աշակերտներին: Մրցույթի նպատակն էր բարձրացնել անչափահասների իրավագիտակցությունը և մասնակցությունը՝ նրանց հնարավորություն տալով ինքնուրույն ձևակերպել և արտահայտել իրենց պատկերացումներն արդարադատության հիմնարար արժեքների մասին։
Մրցույթին մասնակցել են ՀՀ հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանի աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով:
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 29 ուսումնական հաստատություն՝ շուրջ 100 սովորող։ Մասնակիցները նկարահանել են մինչև 120 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ, որտեղ արտահայտել են իրենց մտքերը, ներկայացրել են իրավիճակներ և առաջարկել լուծումներ սահմանված թեմաների շուրջ։
Մրցույթի արդյունքում ընտրվել է 6 հաղթող աշխատանք։ Նրանց հեղինակներն այսօր պարգևատրվել են արդարադատության նախարարի կողմից՝ իրենց ուսումնական հաստատությունների տնօրենների հետ միասին։