Առաջարկվում է ոչ նյութական վնասի հատուցման գործերով հայց հարուցելիս արտոնություն սահմանել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով

10/09/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է ոչ նյութական վնասի հատուցման գործերով հայց հարուցելիս արտոնություն սահմանել պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով: Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է hանրային իշխանության և նրանց պաշտոնատար անձանց գործողություններով և անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնական իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, որպես պահանջ սահմանելով այն, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննական մարմնի, դատախազի կամ դատարանի կողմից։ Ոչ նյութական վնասի հատուցումը իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, ինչն իր հերթին ներկայումս ենթադրում է նաև հայց հարուցելիս պետական տուրքի վճարման անհրաժեշտություն։

Աննա Կարապետյանը նշել է, որ արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից պետությունը թույլ է տալիս անձի հիմնարար իրավունքի խախտում, մյուս կողմից իր կողմից թույլ տված խախտման հետևանքների վերացման նպատակով՝ այն է ոչ նյութական վնասի հատուցման դեպքում, անձից գանձում է պետական տուրք։

«Նման իրավիճակը, ըստ էության համատեղելի չէ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների էության հետ. Այս հանգամանքով պայմանավորված, քննարկման ներկայացված նախագծով սահմանվում է նման գործերով հայց հարուցելիս պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով արտոնություն, որը կիրառելի է նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում»,- նշել է նախարարի տեղակալը:
Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում մի շարք հանգամանքներ՝ պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները: Նշենք, որ Առաջին ատյանի դատարանում պետական տուրքի չափը կազմում է՝ հայցագնի 3 տոկոսը, բայց ոչ պակաս քան 6000 դրամը և ոչ ավել քան 25 մլն դրամը։
Այս նախագծով «պետական տուրքից ազատում» արտոնության տեսակը չի ընտրվել, քանի որ հայցը բավարարվելու դեպքում ընդհանուր կանոնների ուժով, պետտուրքի վճարման պարտականությունը փոխանցվելու է պատասխանողին, այդ կերպ կարելի է ասել հայցվորներն այս նախագծով փաստացի ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից։
Աննա Կարապետյանը նշել է,որ առաջարկվող փոփոխությունը նաև զսպող դեր կկատարի այն անձանց համար, ովքեր անբարեխղճորեն կարող էին այս հիմքով անհիմն հայցեր հարուցել՝ անհարկի ծանրաբեռնելով դատարանները և դրանով իսկ վնասել դատական իշխանության մյուս շահառուների ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը։