Հաշտարարության ոլորտում որակյալ կրթական հիմքեր են ներդրվում․ 12 նոր մասնագետ կվերապատրաստեն ապագա հաշտարարներին
11/09/2025
Եվս մեկ կարևոր քայլ հաշտարարության ոլորտի զարգացման ուղղությամբ։ Սեպտեմբերի 5-9-ը հաջողությամբ անցկացվեց «Վերապատրաստողների վերապատրաստում» դասընթացը:
Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանում հաշտարարների որակավորման գործընթացի ինստիտուցիոնալ զարգացման և հզորացման տեսանկյունից։ Դասընթացի արդյունքում ոլորտը համալրվեց նոր՝ 12 հմուտ մասնագետներով, որոնք ապագայում կկարողանան անցկացնել հաշտարարների վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով ոլորտի շարունակական բարեփոխումներին։
Նշենք, որ այս նախաձեռնությունը դարձել է հնարավոր Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության աջակցությամբ, որի շնորհիվ արդեն որակավորվել են 125 հաշտարարներ։ ԵԽ և ԵՄ հետ մեր գործընկերությունն առանցքային նշանակություն և ազդեցություն է ունենում արդարադատության համակարգի որակական փոփոխությունների վրա։