Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2025 թվականին ձեռնարկված քայլերը

16/09/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մարդու
իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների
ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ,
պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աննա Կարապետյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման
հարցում Համակարգող խորհրդի դերը, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
միջև առկա արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է 2025 թվականի 1-ին կիսամյակում
գործողությունների ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարողականը՝
անդրադառնալով իրականացված վերապատրաստումներին, իրազեկման աշխատանքներին և օրենսդրական
նախաձեռնություններին:
Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Բարձրագույն դատական խորհրդի, Առողջապահության,
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների,
Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները՝
անդրադառնալով միջոցառումների իրականացման ընթացքին, որին հաջորդել է խորհրդի անդամ հասարակական
կազմակերպությունների հետ հարցուպատասխանը։
Անդրադարձ է կատարվել իրավահավասարության ապահովմանն ուղղված օրենսդրությանը, քրեակատարողական
հիմնարկներում և դատարաններում պահման պայմանների բարելավմանը, ոչ նյութական վնասի հատուցման
ինստիտուտի կատարեգործմանը, վերապատրաստումների գնահատման որակական չափորոշիչներին, ինչպես նաև այլ
ոլորտային հարցերի։
Քննարկվել է նաև խոշտանգումների զոհերի պաշտպանության, ներառյալ հոգեբանական աջակցության
տրամադրման մեխանիզմների բարելավման հարցը՝ անդրադառնալով հնարավոր մոդելների։ Քննարկման
շրջանակներում Նախարարի տեղակալը ներկայացրել է նոր օրոնսդրական նախաձեռնությունը, որը հնարավորություն
կտա ապահովել խոշտանգման զոհերի հոգեբանական աջակցության տրամադրումը։
Նիստի ավարտին Աննա Կարապետյանն անդրադարձել է գործողությունների ծրագրի արդյունքների ապահովման ու
գնահատման կարևորությանը, ներկայացրել մինչև տարեվերջ հիմնական գործողությունների իրականացման
պլանավորումը։ Անդրադարձ է կատարվել նաև նոր ռազմավարության ու դրանից բխող գործողությունների ծրագրի
մշակման աշխատանքներին, որոնք կմեկնարկեն հաջորդ տարվա տարեսկզին՝ հիմքում ունենալով նաև մարդու
իրավունքների ոլորտի ժամանակակից մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը:
Համակարգող խորհրդի հերթական նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի,
ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության
խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։