Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Կարապետյանը և Գևորգ Քոչարյանը միջազգային գործընկերների են ներկայացրել նախարարության համակարգմամբ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները, առկա կարիքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացված գնահատման արդյունքներով մշակված նոր ծրագիրը։
Բացման խոսքում Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար և ներկայացրել է կատարված բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր մշակված բազմամյա ծրագրի բաղադրիչներին ու դրա իրականացման գործում համատեղ ջանքեր ներդնելու անհրաժեշտությանը։
Բացման խոսքով նաև հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ԱԳՆ ներկայացուցիչը՝ խոսելով համակարգային բարեփոխումներին աջակցելու ՄԱԿ-ի պատրաստակամության և արդեն իսկ գրանցած արդյունքների մասին։
Գևորգ Քոչարյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումների օրակարգը, անդրադարձել քրեական ու քրեակատարողոկան նոր օրենսդրությունների կիրառման պրակտիկային և միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացված լայնածավալ աշխատանքներին։
Ոլորտային առաջնահերթությունները միջազգային գործընկերներին են ներկայացրել նաև Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։
Ներկայացվել են ոլորտային բարեփոխումները, այդ թվում՝ քրեական արդարադատության ոլորտի օրենսդրության ամբողջական վերանայումը, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների և վերասոցիալականացման միջոցառումների բարելավումը, ինչպես նաև այլընտրանքային պատժամիջոցների ու խափանման միջոցների ներդրումն ու կիրարկումը։ Միաժամանակ, գնահատումն իրականացրած փորձագետները ներկայացրել են մշակված ծրագրի բաղադրիչները՝ ընդգծելով, որ արդեն իսկ իրականացված բարեփոխումները ամուր հիմք են ծառայելու հետագա քայլերի իրականացման համար։
Անցկացվել է նաև հարց ու պատասխանի փուլ և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել ծրագրով հետաքրքրված գործընկերների հետ՝ հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ:
Հանդիպումից հետո դիվանագիտական անձնակազմի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ։