Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և նախարարության՝ ռազմավարական պլանավորման աշխատանքներում ներգրավված տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանդիպել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցչի հետ:
Հանդիպմանը քննարկվել են 2025թ· սեպտեմբերի 18-ին ընդունված` Կառավարության ռազմավարական կառավարման նոր աշխատակարգի շրջանակներում արդարադատության ոլորտի ռազմավարական պլանավորումն իրականացնելու հետ կապված հարցերը:
Տիգրան Դադունցը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի աջակցությունը ռազմավարական կառավարման նոր աշխատակարգի մշակման գործընթացում և կարևորել է շարունակական համագործակցությունը ռազմավարական նոր աշխատակարգը կիրառելու գործընթացում:
Նա նշել է, որ նախարարությունն ուրախ է ստանձնել ռազմավարական կառավարման նոր աշխատակարգի փորձարկման առաջամարտիկի դերը՝ կարևորելով առաջիկա ամիսներին նախարարության ոլորտային ռազմավարությունների փոխարեն որակական նոր չափանիշներով և մեկ միասնական Արադարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը: Նշվել է, որ ռազմավարության մշակումը պետք է իրականացվի ոլորտային քննարկումների, կարիքի գնահատումների, շահագրգիռ քննարկումների արդյունքում` բարեփոխումների արդյունքների հստակ և չափելի ցուցանիշներով:
Անդրադարձ է կատարվել ռազմավարական պլանավորման ընթացքում առաջնահերթ ուշադրության արժանի հարցերին և դրանց լուծման եղանակներին:
Հանդիպումն ավարտվել է գործընկերների հետ աշխատանքները համատեղ շարունակելու վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերմամբ: