Սրբուհի Գալյանը ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումների համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքները, որոնք համակարգվում են Արդարադատության նախարարության կողմից։ Այդ աշխատանքներն են՝
• ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նոր ճանապարհային քարտեզի նախագիծը, որն արդեն գտնվում է վերջնականացման փոլում,
• մինչ այժմ կատարված աշխատանքները,
• արձանագրված խնդիրները,
• զուգահեռ տարվող աշխատանքները։
Նախարարը նաև նշել է, որ Ճանապարհային քարտեզի վերանայման գործընթացն իրականացվել է փուլային ձևով՝ ապահովելով թե՛ բարձր մակարդակի, թե՛ աշխատանքային բնույթի հանդիպումներ պետական կառույցների հետ։
Նոր ճանապարհային քարտեզը կառուցված է ըստ ԵՄ–ՀՀ համաձայնագրի բաժինների՝ ընդգրկելով բոլոր ոլորտային գերատեսչությունների հանձնառությունները։
Ճանապարհային քարտեզի ձևաչափը միասնական է՝ յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են գործողությունը, ժամկետը, պատասխանատուները, ցուցանիշները (KPI), ակնկալվող արդյունքը և անհրաժեշտ աջակցության ձևաչափը։
Նշենք, որ աշխատանքային խմբի նախագահումը և նորացման աշխատանքներն իրականացվում են Արդարադատության նախարարության կողմից։