Նախարարի տեղակալը հանդես է եկել հիմնական զեկուցմամբ Արդարադատության եվրոպական օրվա առթիվ կազմակերպված ուսանողների հետ հանդիպմանը

30/10/2025

Արդարադատության եվրոպական օրվա կապակցությամբ Եվրասիա միջազգային համալսարանում տեղի է ունեցել «Արդարադատության մատչելիությունը Հայաստանում» թեմայով ամենամյա ակադեմիական-գործնական միջոցառումը՝ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ բաց քննարկման ձևաչափով։
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել հիմնական զեկուցմամբ՝ ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացվող ռազմավարական բարեփոխումները մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտերում:
Աննա Կարապետյանը խոսել է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հիմնական ուղղություններից։ Նա կարևորել է Արդարադատության նախարարության դերը ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համատեքստում։
Զեկուցմանը հաջորդել է ուսանողների հետ հարցուպատասխանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև արդարադատության մատչելիության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ և ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններ՝ միտված արդարադատության ոլորտում միջազգային լավագույն փորձի տարածմանը և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում: