Արդարադատության նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Պորտուգալիայի Հանրապետությունում
04/11/2025
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի գլխավորությամբ ԱՆ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Պորտուգալիայի Հանրապետությունում։ Այցը կազմակերպվել էր Պորտուգալիայի Հանրապետության Արդարադատության քաղաքականության գլխավոր տնօրինության (DGPJ) կողմից՝ Եվրոպական միության «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցություն – II փուլ» ծրագրի շրջանակում։ Այցի նպատակն էր նպաստել Հայաստանի արդարադատության համակարգի արդիականացմանը՝ Պորտուգալիայի առաջատար փորձի և ԵՄ լավագույն պրակտիկայի ուսումնասիրության միջոցով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Պորտուգալիայի արդարադատության ոլորտի մի շարք կարևոր կառույցների հետ՝ քննարկելով արդարադատության թվային փոխակերպման, արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև տվյալների պաշտպանության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են արդարադատական համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը միտված տեխնոլոգիական լուծումների ներդրումը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության և թվային միջավայրում մարդու հիմնարար իրավունքների ապահովման առաջնահերթությունը։ Այցն ամրապնդել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև համագործակցությունը արդարադատության ոլորտում՝ որպես հիմք հետագա փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։