Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ

06/11/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Քննարկման ընթացքում նախարարը ներկայացրել է՝
. Ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով,
. Իրավաբանական անձանց և ԱՁ-ների դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը,
. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից բացի, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին և այլ անձանց ծանուցելու էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում:
Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով և այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից անձը մուտք է գործել այդ հարթակ, թե ոչ: Այսինքն տվյալ դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով և azdarar.am հարթակով ծանուցում: