Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։
Նախարարի տեղակալը նշել է, որ Արդարադատության նախարարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները պարբերաբար ներկայացվում են ՄԱԿ-ի համապատասխան կառուցակարգերի շրջանակներում, ինչպես նաև վերջերս Հայաստանը, ի դեմս Արդարադատության նախարարության, համալրել է ՄԱԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեխաների բռնության դեմ պայքարի խմբի առաջամարտիկների շարքը։
Անդրադարձ է կատարվել Բարնահուս մոդելի վերաբերյալ օրենսդրական փաթեթին, անչափահասների արդարադատությանը հոգեբանների ներգրավման ընթացակարգին, ինչպես նաև իրազեկման բնույթի աշխատանքներին։ Ներկայացվել են անչափահասների կողմից թմրամիջոցների գործածության հիմնախնդիրը և օրենսդրական բացերը՝ շեշտադրելով խնդրի արդիականությունը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված: Ներկայացվել են նաև Հայաստանի տարածքում երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում երեխայի հայտնաբերման և երեխայի հետ շփման իրավունքի ապահովման կառուցակարգերի հետ կապված խնդիրները։
Նիստի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Բոգոտայի մեկամյակին ընդառաջ Հայաստանի ներկայացրած հանձնառություններին, և նշվել է, որ Հայատանը ներկայացրել է դրանց կատարման ուղղությամբ իր թարմացումները։
Ելույթով են հանդես եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՆԳՆ ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։