Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը Համաշխարհային բանկի հրավերով 2025 թվականի նոյեմբերի 3-5-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ 2025» (Law, Justice and Development Week 2025) խորագրով համաշխարհային համաժողովին։
«Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նախարարի տեղակալը միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները, արձանագրված արդյունքները և ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակաբար խթանելու այս համակարգի զարգացումը։
Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ վերջին տարիներին քաղաքացիաիրավական գործեր քննող դատարանների ծանրաբեռնվածությունը լուրջ մարտահրավեր էր․ դրանց շուրջ 80 տոկոսը փոքր դրամական պահանջներ էին՝ մինչև 2․000․000 ՀՀ դրամ արժեքով։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոքր դրամական պահանջները այժմ քննվում են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների միջոցով՝ արդյունքում քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելով շուրջ 70-80 տոկոսով։
Տիգրան Դադունցը նշել է նաև, որ 2025 թվականի հուլիսից ընտանեկան վեճերի համար ներդրվել է պարտադիր հաշտարարություն՝ որն արդեն իսկ ապահովում է վեճերի շուրջ 30 տոկոսի հանգուցալուծումը՝ առանց դատարան դիմելու։
Այս ամենի արդյունքում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները օգնել են դատարաններին՝ նպաստելով վեճերի կանխարգելմանը, արդարադատության արագ և արդյունավետ իրականացմանը։
Տիգրան Դադունցը կարևորել է նաև Հայաստանում վեճերի լուծման պրոֆեսիոնալ կառույցների ստեղծման անհրաժեշտությունը, մատնանշելով «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» դերակատարությունը ոլորտում բարձր ստանդարտներ սահմանելու հարցում:
Համաժողովի շրջանակներում Տիգրան Դադունցը մասնակցել է նաև Արդարադատության նախարարների կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել են դատաիրավական ոլորտում կատարված կարևոր բարեփոխումները, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերները՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ դրանց ուղղությամբ լուծումներ գտնելու համար: