Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

12/11/2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։
Նախարարը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալացմանն ուղղված ծրագրերը։
Կողմերը քննարկել են ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը։
Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց շրջանակում նախատեսվում է համագործակցել նաև քրեակատարողական հիմնարկների հետ։
Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հիմնադրամի կողմից գույք և մարզական պարագաներ նվիրաբերել «Սևան» քրեակատարողական հիմնարկին՝ նպաստելով այնտեղ սպորտային պայմանների բարելավմանը։
Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Նազիկ Ավդալյանին նախաձեռնության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունն ազատազրկված անձանց շրջանում։