Արդարադատության նախարարության պատվիրակությունն Աթենքում ծանոթացել է հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին

19/11/2025

Փորձի փոխանակում Հունաստանում՝ հաշտարարության զարգացման ուղղությամբ
Հայկական պատվիրակությունը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ, այցելել է Աթենք՝ ուսումնագիտական այցի շրջանակում, որը նվիրված էր հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին և Հայաստանի բարեփոխումների օրակարգի զարգացմանը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հունաստանի Արդարադատության նախարարության և Հաշտարարության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև հաշտարարության և արբիտրաժի առաջատար կազմակերպությունների՝ EODID և OPEMED կենտրոնների հետ։ Քննարկվել են հաշտարարների որակավորման չափանիշները, պարտադիր հաշտարարության մոդելները, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև առցանց հաշտարարության նորարարական գործիքները։
Այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Հունաստանի արդարադատության նախարարությունների և հաշտարարական հաստատությունների միջև, ներառյալ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Այցն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, Փուլ II – լրացուցիչ աջակցություն» ծրագրի շրջանակում։