Հայաստանի և Վրաստանի միջև իրավական 6-րդ Ֆորումի առաջին նիստի ընթացքում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է ՀՀ-ում իրավական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի համադրական վերլուծությունն ու վերջին տարիներին իրականացված իրավական փոփոխությունները՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բարեփոխումների շարունակականության ապահովումը:
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է ոլորտի թվայնացման մարտահրավերները, թվայնացման համակարգի ձևավորման ընթացքը և դրա ազդեցությունը հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացման վրա:
ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը քննարկել են ալիմենտային պարտավորությունների, երեխայի հանձնման դեպքերով հարկադիր կատարման ենթակա ակտերի միջսահմանային մեխանիզմները՝ առանձնացնելով Կենտրոնական մարմինների դերը 2007 թ. Հաագայի Կոնվենցիայի շրջանակում՝ ներկայացնելով միջազգային համագործակցության ներկա գործիքակազմը, ազգային մարմինների կանոնակարգված փոխգործակցության անհրաժեշտությունը և երեխաների պաշտպանության մեխանիզմների բարելավման ուղղությունները։