Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ելույթով է հանդես եկել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ութ ամյակին նվիրված միջոցառմանը

26/11/2025

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ութ ամյակին նվիրված միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը «Խորացնելով հարաբերությունները ՀԸԳՀ ութ տարիների ընթացքում» խորագրով պանելային քննարկման շրջանակներում ներկայացրել է ՀԸԳՀ իրագործման հիմնական ձեռքբերումները և առկա մարտահրավերները, հատուկ անդրադարձ է կատարել ճանապարհային քարտեզի կատարողականի գնահատմանը, մարդու իրավունքների, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքներին: Արդարադատության նախարարի տեղակալը խոսել է նաև նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող ներպետական օրենսդրության` ԵՄ հրահանգներին մոտարկմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի փորձաքննության աշխատանքների մասին:

Ելույթներից հետո ԵՄ դեսպանը պանելիստներին ուղղել է հարցեր ՀԸԳՀ-ի իրագործման ձեռքբերումների և դասերի, գործընթացում խորհրդարանական ներգրավվածության և քաղհասարակության մասնակցության վերաբերյալ:

Միջոցառումը նաև բաց հարթակ է հանդիսացել մտքերի փոխանակման և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների իրականացման և մարտահրավերների վերաբերյալ քննարկումների համար։

Միջոցառմանը մասնակցել են ՀԸԳՀ իրագործման միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններ ու դիվանագետներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։