Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումները հետևյալն են․
1) Որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ պետությունը կամ համայնքն է ձեռքբերողը, իսկ եթե մասնավորն է՝ ապա դա պետք է լրացուցիչ հիմնավորվի: Ընդ որում, Կառավարությունը պետք է սահմանի մասնավոր ձեռքբերողների ներգրավման չափանիշները:
2) Ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու և գույքը կամավոր օտարելու և հանձնելու դեպքում նախատեսվում է խրախուսական գործիքակազմ, և սեփականատերերը կստանան գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում (փաստացի` շուկայական արժեքից 30 տոկոս ավել):
3) Վթարային շենքերի համար սահմանվում են այնպիսի կարգավորումներ, որ սեփականատերերը ստանան ողջամիտ փոխհատուցում:
4) Կտրամադրվի նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման ժամանակաշրջանի համար փոխհատուցում, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է ձեռնարկատիրական գործունեության մեջ:
5) Սեփականատիրոջը հնարավորություն է տրվում մասնակցել գույքը գնահատողի ընտրությանը:
6) Կատարելագործվում են գույքի գնահատման վերաբերյալ կարգավորումները՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և ապահովելով գույքի արժեքների օբյեկտիվ գնահատումը և արդարացի փոխհատուցման տրամադրումը:
7) Վերանայվում են օտարվող սեփականության նկարագրության կազմման հետ կապված կարգավորումները` նախատեսելով այդ գործընթացում նորագույն տեխնիկական միջոցների կիրառում:
8) Սեփականատիրոջ համար ապահովվում է փոխհատուցման չափը դատարանում վիճարկելու հնարավորություն` դրան զուգահեռ չխոչընդոտելով հանրային շահով պայմանավորված նպատակի իրագործումը: