Տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլը

10/12/2025

Տեղի է ունեցել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլը, որին մասնակցել է 38 թեկնածու:
Արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Տիգրան Դադունցը ողջունել է որակավորման ստուգմանը մասնակցող անձանց և կարևորել սնանկության գործով կառավարիչների համայնքի համալրումը պրոֆեսիոնալ կադրերով:
Տիգրան Դադունցը նշել է, որ որակավորման ստուգման առաջադրանքները կազմվել են այն տրամաբանությամբ, որ ստուգվեն մասնակիցների պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները գործնական իրավիճակներում՝ բացառելով զուտ օրենքի իմացության ստուգումը:
Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլը ներառել է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը ներառելու է հարցազրույցը:
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով: