Արդարադատության նախարարությունն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համատեղ անցկացրել են «Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները» խորագրով համաժողովը

11/12/2025

Արդարադատության նախարարությունն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համատեղ անցկացրել են «Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները» խորագրով համաժողովը:
Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով իր խոսքում նշել է՝ «Մենք հանձնառություն ունենք պայքարելու կոռուպցիայի դեմ և արդեն զգալի աշխատանք ենք իրականացրել»։
Սրբուհի Գալյանը նշել է, որ այս և հաջորդող տարիների աշխատանքը նվիրված Է լինելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների կարողությունների զարգացմանը, կուսակցությունների ֆինանսական գործունեության առավել թափանցիկ կառուցակարգեր սահմանելուն, ինչպես նաև ազդարարման համակարգը բարելավելուն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հանձնաժողովի կողմից կատարած աշխատանքին:
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ամփոփ ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում ընթացիկ տարում իրականացված աշխատանքը:
Համաժողովին ներկայացվել է նաև Հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը` որում ամփոփվելու է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեության վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը:
Պանելային քննարկման շրջանակներում Հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել անցնող տարում ունեցած ձեռքբերումներին ու ներկայացրել են զարգացման հեռանկարները:
Համաժողովի ավարտին ամփոփվել են Արդարադատության նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված «Կոռուպցիան իմ աչքերով» և «Բարեվարքության ճանապարհով» մրցույթների արդյունքները։