Աննա Կարապետյանը ընդունել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի գնահատման՝ ԵՄ առաջին առաքելությանը

12/12/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի (VLAP) գնահատման առաջին առաքելությանը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների ծրագրի` Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող՝ առաջին փուլի հենանիշների ուղղությամբ կատարված աշխատանքները, ներառյալ գործողությունների ծրագրի իրականացման՝ նախարարության իրավասությանն առնչվող ենթագործուղությունների աղյուսակն ու դրանց իրականացման ժամանակացույցը։

Աննա Կարապետյանը մանրամասն անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում ձեռնարկված քայլերին, իրավական փոխօգնության ու դատական համագարծակցության մեխանիզմների կատարելագործմանը, անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, դատաիրավական բարեփոխումներին, քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող քաղաքականությանը։
Առաքելության անդամները բարձր են գնահատել գործողությունների ծրագրի ստացումից հետո այսքան կարճ ժամանակահատվածում ձեռնարկված աշխատանքները՝ ընդգծելով Հայաստանի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունն ու հայկական կողմի պատրաստակամությունը:
Գնահատման արդյունքներով գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի զեկույցը կներկայացվի 2026 թվականի առաջին կեսին: