Առաջարկվում է օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ․ Նախագիծը ներկայացվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

14/01/2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ պետական-իրավականհարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
․ Սահմանել, որ պետությունը կամ համայնքն է ձեռքբերողը, իսկ եթե մասնավորն է, ապա դա պետք է լրացուցիչ հիմնավորվի: Կառավարությունը պետք է սահմանի մասնավոր ձեռքբերողների ներգրավման չափանիշները։
․ Օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել ձեռքբերողի կողմից առաջարկվող փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսական գործիքակազմ սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն (փաստացի շուկայական արժեքից 30 տոկոս ավել)։
․ Օտարվող գույքի սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց համար երաշխավորել սեփականության գնահատման գործընթացում առավել մրցակցային հնարավորություններ՝ հնարավորություն տալով մասնակցել գնահատողի ընտրությանը։
․ Կատարելագործել գույքը գնահատելիս հաշվի առնչվող հանգամանքները, զուգահեռ լավարկել գույքի գնահատման մեթոդաբանությունը և չափանիշները։
․ Ամբողջապես կարգավորել օտարվող սեփականության նկարագրության կազմման հարաբերությունները:
․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փոխհատուցման չափի վիճարկման վարույթները կարգավորվում են որպես առանձին հատուկ հայցային վարույթ, որը կապահովի թե' սեփականատիրոջ՝ որպես հայցվորի, և թե' ձեռքբերողի՝ որպես պատասխանողի իրավունքների առավել բարձր պաշտպանվածություն։
․ Ձեռքբերողի համար սահմանել վարչական պատասխանատվություն տուգանք՝ սեփականության օտարման նպատակի օրենքով սահմանված ժամկետում չսկսելու և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չավարտելու համար նպատակ ունենալով ապահովել անհատի, պետության և հանրության շահերի ողջամիտ և արդարացի հավասարակշռություն:
Գույքի օտարման գործընթացը չի առկախվի դատական վիճարկումների հետևանքով` չվնասելով հանրության գերակա շահով պայմանավորված նպատակի իրացմանը։