Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք», «Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերով առաջարկվում է` մի խումբ պաշտոնատար անձանց համար նշանակման և առաջխաղացման գործընթացներում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի՝
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության (թե՛դրական, թե՛ բացասական եզրակացության) միայն եզրափակիչ մասը դարձնել հրապարակային՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց, այդ թվում՝ առաջխաղացման կարգով նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներինը չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի և հեղինակության վրա։
Ուղղակիորեն սահմանել անձի իրավունքը՝ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին՝ գրավոր առարկություններ, պարզաբանումներ և այլ անհրաժեշտ նյութեր ու տեղեկություններ ներկայացնելու միջոցով։
Սահմանել անձի իրավունքը՝ պահանջելու իր առարկությունները կամ դրանց մի մասը հրապարակել եզրակացության եզրափակիչ մասի հետ մեկտեղ։ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԿԿՀ-ի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների հիման վրա նշանակում իրականացնող մարմինների գործունեության թափանցիկությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման ռազմավարական նպատակների իրագործմանը: