Նախարարի հրամանով 6 ամսով կասեցվել է նոտարի գործունեությունը

29/06/2012

Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկա-յացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:
Քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ: 
Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի և 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ որպես կագապահական տույժ կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ: