Նախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

25/07/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրեց այս պահին Հայստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը: Նա հույս հայտնեց, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսևորումը իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի: Կողմերն անդրադարձան «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» բանակցային փուլերն անցած և առաջիկայում կնքվելիք համաձայնագրին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դեռ 2006-ից գործում են Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը:
Դեսպանը կարևորեց այն հանգամանքը, որ մեր ժողովուրդներն իրար հանդեպ խորթություն չեն զգում, նա շեշտեց, որ Իրանի հայ համայնքը մեծ հարգանք է վայելում: Ունենալով բազում հայ ընկերներ՝ նորանշանակ դեսպանն այսօր ափսոսում է, որ ժամանակին ընկերներից չի սովորել մեր լեզուն: 
ՀՀ արդարադատության նախարարը նշեց, որ վստահ է, որ մեր երկրների միջև անլուծելի խնդիրներ չեն լինի: «Հարևաններիդ չես կարող փոխել, տունդ կարող ես փոխել»,- հայկական ասացվածքը մեջբերելով՝ պարոն Թովմասյանը նկատեց, որ մեր երկրների դեպքում հարևան և տուն փոխելու անհրաժեշտություն չկա: «Վստահ եմ, որ միշտ էլ երկողմմանի շահեկան լուծումներ կարող ենք գտնել»,-հավելեց նախարարը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունն այդ ուղղությամբ նոր էջ կլինի: