ՀՀ ԱՆ աշխատակազմը կատարողականի բարձր ցուցանիշ է ապահովել
31/07/2012
Հայաստանի Հանրապետության կառավարությունում հուլիսի 30-ին ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կատարողականի ընդհանուր գնահատականը 93,3 միավոր է:
Նախարարության՝ առաջին կիսամյակի ընթացքում իրականացրած աշխատանքներն ուղղված են եղել երեք գերակա խնդիրների՝ դատական իշխանության, քրեակատարողական ծառայության ու նոտարական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Վերջիններս ներառված են եղել նաեւ ՀՀ կառավարության 2012-2017 թթ միջոցառումների ծրագրում:
Դատական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է <Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը>: Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ՀՀ կառավարության «Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ նոր օրենքի մշակմանը, որն արդեն ներկայացվել է միջազգային փորձագետների կարծիքին: Նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարվա մարտի 28-ին ԵՄ ֆինանսավորմամբ եւ ԵԽ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիության» ծրագրի շրջանակներում անց է կացրել սեմինար-քննարկում, որին մասնակցել են մի շարք շահագրգիռ գերատեսչությունների , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, միջազգային փորձագետներ: Սեմինար-քննարկման ժամանակ ներակայացված առաջարկությունների եւ դիտողությունների հիման վրա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակման փուլում է, որի ավարտից հետո այն պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: