Քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից
22/08/2012
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամաններով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ազատվել են աշխատանքից. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վահագն Վարդանի Գրիգորյանը աշխատանքից ազատվել է դատապարտյալին փոխանցելու նպատակով ծառայության ներկայանալիս իր հետ բջջային հեռախոս քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի անցկացնելու փորձ կատարելու համար: Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Արման Աշոտի Արտաշեսյանը ևս նման փորձ է արել, ինչպես նաև խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները՝ կատարելով վճարովի այլ աշխատանք: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Սայադ Ավագի Ավագյանը աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, իրեն տրամադրված ամենամյա արձակուրդի ավարտից հետո անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու համար:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 2-րդ մասը, 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունն ու ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: