ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

03/09/2012

Սիրելի աշակերտներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, ուսուցիչներ ու
տնօրեններ, սիրելի հայրենակիցներ, այսօր աշնան առաջին օրն է, գիտելիքի
օրը: Բնական է, ոմանք կուզեին, որ ամառը մի քիչ ավելի երկար լիներ և
կարողանային մի քիչ ավելի երկար քնել, ավելի շատ ժամանակ անցկացնել
հեռուստացույցի կամ համակարգչի առջև: Բայց այսօր, իսկապես, կարևոր օր է,
կարևոր տոն: Եվ ուրախանալով ու տոնելով, այսօր պետք է նաև հիշենք
պատասխանատվության մասին, բոլորիս պատասխանատվության մասին.
Ուսուցիչները պետք է այնպես դասավանդեն, որ ամեն դաս ցանկալի տոն դառնա
աշակերտների համար:
Ծնողներն ու տատիկ – պապիկները պետք է այնպես դաստիարակեն ու հետևեն
երեխաներին, որ նրանք միշտ պատրաստ, ինքնավստահ և սիրով հաճախեն դպրոց:
Իշխանությունները պետք է այնպիսի պայմաններ ապահովեն, որ մեր
աշակերտներն ու ուսանողները չզիջեն, և անգամ գերազանցեն աշխահի լավագույն ուսումնական հաստատությունների աշակերտներին ու ուսանողներին:
Այսպես մենք կարող ենք ունենալ լավագույն դպրոցները, լավագույն
ուսուցիչները, լավագույն դաստիարակ – ծնողները: Բայց այս ամենը որևէ
արդյունք չի տա, եթե դուք, սիրելի աշակերտներ ու ուսանողներ, չզգաք ձեր
պատասխանատվությունը, ժամանակին և որակով չկատարեք ձեր
պարտականությունները, չհետևեք ուսուցչի, դասախոսի խոսքին, չգնահատեք ծնողների
աջակցությունը և չսովորեք: Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած, որոշակի
տաղանդ ունի այս կամ այն բնագավառում: Մեր ու ձեր առաջին
պատասխանատվությունն է հայտնաբերել այդ տաղանդը, հղկել ու զարգացնել:
Սա անչափ կարևոր է ձեր կյանքի համար ու մեր ապագայի: Թե ինչ կրթություն
կստանաք և ինչպես այն կկիրառեք, դա կորոշի, թե արդյոք Հայ ազգը պատրաստ է
դիմակայել բոլոր մեր մարտահրավերներին:
Շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան