Հրայր Թովմասյան. Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է

21/06/2012

Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը բավականին ընդգրկուն է. 200-300-ից ավելի միջոցառումներ, մի քանի տասնյակ օրենքների փոփոխություն, կառուցվածքային փոփոխություններ` նոր ստորաբաժանումներ: Ծրագիրն ընդգրկում է ոչ միայն դատական իշխանությունը. ներառված է նաեւ փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, ԶԱԳՍ-երը, նոտարիատը: Այս մասին հունիսի 20-ին «Փաստինֆո» գործակալության թղթակցին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Վերջինս կառավարության մյուս անդամների հետ մասնակցում էր ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թ.թ. գործունեության ծրագրի քննարկմանը, որում կարեւորվում է նաեւ դատաիրավական բարեփոխումների նոր հայեցակարգի ընդունումը:

Նախարարը ձեռնպահ մնաց ծրագրի վերաբերյալ կոնկրետ հարցերին պատասխանելուց, վստահեցնելով, որ հիշյալ ծրագիրը ՀՀ նախագահի կողմից հաստատվելուց հետո ինքը պատրաստվում է հրավիրել մամլո ասուլիս եւ այն համապարփակ ձեւով ներկայացնել:

«Ասեմ, որ հավակնոտ ծրագիր է` չափելի միավորներով. թե ինչ ենք անելու եւ ինչ ենք ակնկալելու: Այդ ծրագրի արդյունավետ իրականացման պարագայում մենք կունենանք հանրային կյանքի շատ ավելի արդար կառուցվածք, ավելի կազմակերպված դատաիրավական համակարգ եւ այս համակարգի նկատմամբ վստահության շատ ավելի մեծ աստիճան»,-վսատահեցրեց ՀՀ արդարադատության նախարարը: