Ըստ արդարադատության նախարարի՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի ընդունումից հետո խնդիրներ չեն առաջացել

28/06/2012

ՓԱՍՏՒՆՖՈ-Անցած տարվա մարտին ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, և շատ ու շատ դրույթներով ավելի առաջադեմ է, քան ԵՄ անդամ երկրների այս ոլորտի օրենսդրությունը:
Այս մասին հունիսի 28-ին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա՝ այս օրենքի ընդունումից հետո երկրում այս հարցում խնդիրներ չեն առաջացել, չեն եղել արգելված, չարտոնված հանրահավաքներ. «Մենք ականատես ենք եղել չիրազեկված հանրահավաքների, որի ժամանակ ոստիկանությունը համակողմանի ամբողջական աջակցություն է ցուցաբերել հանրահավաքի մասնակիցներին՝ չխոչընդոտելով դրա իրականացմանը»,- ասաց նախարարը:
Միաժամանակ Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ երկար տարիներ Հայաստանում իրականում խնդրահարույց է եղել հավաքների ազատության իրավունքը, որը քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական պետության հիմքերից մեկն է: «Մենք ունեցել ենք խնդիրներ այս ոլորտում, մենք ունեցել ենք «չարտոնված կամ արգելված» հանրահավաքներ», ցավոք սրտի, մենք նաև ծանր հետևանքներ ենք ունեցել սրա հետ կապված, բայց կարողացել ենք դրանք հաղթահարել»,- ասաց արդարադատության նախարարը: