Փաստինֆո գործակալություն Վ. Դեմիրճյան. օրինագիծը չի նպաստի արտագաղթին և ծնելիության նվազմանը
11/07/2012
ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: Մասնավորապես շրջանառվում են կարծիքներ, թե օրինագիծը կնպաստի արտագաղթին, ծնելիության նվազմանը:
ՀՀ արդարադատության նախարարության Միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանի խոսքով՝ հասարակության շրջանում տարածված կարծիքները չունեն որևէ հիմք: «Օրինագիծը չի կարող ազդեցություն ունենալ ոչ արտագաղթի, ոչ ծնելիության մակարդակի վրա: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես կարող է նպաստել դրանց. եթե աղջկան արգելում ենք ամուսնանալ 17 տարեկանում, պետք է Հայաստանից մեկնի այլ երկիր, որպեսզի մեկ տարի շուտ ամուսնանա՞»,- զարմանք հայտնեց Վահե Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է գործող օրենսգրքում ամրագրել, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
Մինչդեռ մամուլում կա տեղեկատվություն, թե օրինագիծն արգելում է աղջիկների՝ մինչև 19 տարեկան ամուսնությունը: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Վ. Դեմիրճյանը նշեց, որ դա ապատեղեկատվություն է, թյուրիմացության արդյունք. «Եթե գործող օրենսդրությունը սահմանում է, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ է, որ աղջիկը լինի տասնյոթ, իսկ տղան՝ տասնութ տարեկան, ապա այս օրինագծով առաջարկվում է վերացնել ամուսնություն կնքելու համար կանանց և տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը: Այսինքն և՛ աղջիկը, և՛ տղան պետք է լինեն 18 տարեկան, որպեսզի գրանցվի օրինական ամուսնություն»,- պարզաբանեց Վ. Դեմիրճյանը:
Վարչության պետի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները նախևառաջ պայմանավորված են միջազգային այն կոնվենցիաներով, որոնց անդամակցում է ՀՀ-ն: «Երկու բավականին հիմնարար փաստաթղթերով՝ «Երեխաների իրավունքների մասին» և «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներով Հայաստանի առջև դրվել է աղջիկների և տղաների ամուսնական տարիքը հավասարեցնելու խնդիրը»,- նշեց Վահե Դեմիրճյանը՝ հավելելով նաև, որ թե ՀՀ համապատասխան օրենքով, թե կոնվենցիայով երեխա համարվում է 18 տարին չլրացած անձը, իսկ երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 16-րդ հոդվածով արգելվում է երեխաների ամուսնության գրանցումը:
Վ. Դեմիրճյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ փոփոխությունները բարենպաստ ազդեցություն կունենան կանանց վերարտադրողական առողջության վրա: