Փաստինֆո. Դատավարական կատարելագործում

08/08/2012

Կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում մտադիր է քննարկել, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում մշակված, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը: Այն հավանության արժանանալու դեպքում սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:

Արդարադատության նախարարության հիմնավորմամբ, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի գործածության ավելի քան տասը տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ անխուսափելի փոփոխություններ են ենթադրում քրեական գործերի քննության և լուծման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող ակտում: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նաև համապատասխանեցված է ՀՀ միջազգային պայմանագրերի, այդ թվում 2002 թ.-ին Հայաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին և 2005 թ.-ի նոյեմբերի 27-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին:

Ըստ հեղինակների, նոր օրենսգրքի նախագծով առաջարկվում են քրեադատավարական ոլորտ ներգրավված անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությանը վերաբերող լուծումներ, դատավարական մեխանիզմների կատարելագործում:

Մասնավորապես, հստակեցված են ձերբակալման նպատակը, հիմքերը, պայմանները, ինչպես նաև կիրառման ընթացակարգերը: Անձի իրավունքների ապահովման տեսանկյունից կարևոր երաշխիք է համարվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածով սահմանված ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում որպես ձերբակալում բնորոշելը: Նոր օրենսգրքի նախագծում քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա իրականացվող ձերբակալման փոխարեն ամրագրվում է ձերբակալման նոր տեսակ, այն է՝ ձերբակալումը մեղադրյալին դատարան ներկայացնելու կարգադրագրի հիման վրա: Օրենսդրական նման կարգավորումը բխում է ձերբակալման անօրինականության կանխավարկածից, քանի դեռ դատարանը չի հաստատել հակառակը, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներից, որոնք կոչված են անձին ապահովագրել անհիմն ազատազրկումից:

Ընդլայնվել է մեղադրյալի իրավունքների շրջանակը՝ նրան ընձեռելով պաշտպանության ավելի լայն հնարավորություններ: Սահմանվել է, որ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալված անձը մեղադրյալ չի համարվում, սակայն օգտվում է մեղադրյալի համար սահմանված բոլոր իրավունքներից և երաշխիքներից: Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է տալիս հրաժարվել «կասկածյալ» սուբյեկտից և միասնական դատավարական կարգավիճակ սահմանել քրեական հետապնդման ենթարկված անձի համար:

Անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանն է նպատակաուղղված նոր այլընտրանքային խափանման միջոցների` տնային կալանք, ոստիկանության հսկողությանը հանձնելը, ինչպես նաև գրավի՝ որպես ինքնուրույն խափանման միջոցի նախատեսումը:

Ուժեղացված է նաև տուժողի իրավունքների պաշտպանությունը, որին միտված էական նորամուծություններից մեկը մասնավոր մեղադրանքի ինստիտուտի ներմուծումն է, երբ օրենքով սահմանված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթ սկսելու մասին տուժողի բողոքն անմիջականորեն հասցեագրվում է դատարանին: