Արդարադատության նախարարությունը` Գուրգեն Եղիազարյանին
21/08/2012
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի`այսօր հնչեցրած մեղադրանքների հետ կապված ՀՀ արդարադատության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին. «Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին, ներառյալ կուսակցություններին գրանցում է, երբ ներկայացվում են օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, վերջինները կազմված են օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթերում առկա չէ առերևույթ կեղծիք: Լրացուցիչ ստուգումներ չեն իրականացվում, և եթե օրենքի պահանջը բավարարված է, ապա գրանցումը կատարվում է: Նույն կարգը գործում է փոփոխությունները գրանցելիս:
Պետական գրանցման նշված կարգը մշակվել է այն նկատառումներով, որպեսզի բացառվեն բյուրոկրատական ավելորդ քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը:
Գործընթացում հնարավոր սխալները կարող են շտկվել վերադասության կարգով վարչական բողոքի շրջանակներում, ինչպես նաև դատական քննության շրջանակներում (ինչը փաստացի հիմա տեղի է ունենում):
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՍԴՀԿ-ի գրանցման խնդիրների շուրջ դատական նիստ է տեղի ունենալու: Նախարարությունից այս առնչությամբ ասացին, որ եթե դատարանը գնահատի, թե ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել, ապա Նախարարությունը կվերացնի փոփոխության գրանցումը և կվերականգնի նախկին գրառումը: «Իսկ քանի դեռ դատարանը չի տվել իր գնահատականը փաստաթղթերի վերաբերյալ՝ որևէ հիմք չկա դրանք կեղծված համարելու: