Տեղեկատվական կենտրոն Մամուլը մեր մասին Հայաստանում կավելանա հանրային պաշտպանների թիվը
30/08/2012
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրային պաշտպանների թիվը կավելանա 18-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայում Հայաստանում կա 32 հանրային պաշտպան, ովքեր հանրությանն անվճար փաստաբանական ծառայություններ են մատուցում` բացառապես քրեական գործերի դեպքում:
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ հանրային պաշտպանի ծառայությունների մատուցման դեպքում հիմք է ընդունվելու ոչ թե գործի տեսակը, այլ դատավարության մասնակիցների սոցիալական վիճակը: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանրային պաշտպաններն անվճար ծառայություն կցուցաբերեն նաև քաղաքացիական և վարչական գործերի դեպքում:
«Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունն այսօր մեծ է: Նրանցից յուրաքանչյուրի վարույթում ավելի շատ գործեր կան, քան ամենաակտիվ փաստաբանների: Բնականաբար, այդ մեծ թիվն ազդում է գործերի քննության որակի վրա»,- ասաց Թովմասյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ չի բացառվում, որ կառավարությունը դարձյալ համապատասխան փոփոխություններ կատարի, ըստ որոնց՝ յուրաքաչյուր փաստաբան կպարտավորվի որոշակի ժամանակահատված անվճար օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված գործելաոճ է: